Thursday, October 13, 2016

Սննդային թունավորումնրեր

Սննդային թունավորումնրեր, հիվանդություններ, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործումից։

Սննդային թունավորումների տեսակները:

Բակտերիային ծագման սննդային թունավորումներն անվանում են սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի մանրէները, և տոքսիկոզներ՝ երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ միկրոբի արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլակոկային թունավորումները)։

Թունավորումների պատճառներ:

Ոչ բակտերիային սննդային թունավորումի պատճառ կարող են դառնալ թունավոր սնկերը, որոշ թունավոր բույսեր, առանձին պտուղների (նուշ, ծիրան, դեղձ և այլն) դառը կորիզները, ձկների որոշ թունավոր տեսակներ (մարինկա և այլն) և խավիարը։ Թունավորումներ լինում են հացից և հացամթերքներից, եթե պարունակում են մոլախոտերի թունավոր սերմեր (օրինակ, սննդաթունային ալեյկիան), թունաքիմիկատներից, երբ դրանց մնացորդային քանակները գերազանցում են թույլատրվող նորմաները, ծանր մետաղներից (կապար, պղինձ, ցինկ), որոնք որոշակի պայմաններում անցնում են ամանեղենից, սննդարտադրության մեջ կիրառվող որոշ նյութերից (նիտրատներ, նիտրիտներ և այլն)։ Սննդային թունավորումների կլինիկական պատկերը պայմանավորված է ներմուծված թույնի բնույթով, քանակով, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությամբ։

Թունավորումների ախտանիշներ:

Մեծ մասամբ սննդային թունավորումներն ունեն սուր սկիզբ, կարճ գաղտնի շրջան և ուղեկցվում են ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարումներով (մետաղական համբերանում, սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, ցավեր որովայնում)։ Որոշ թունավորումների ժամանակ գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթները՝ գլխացավ, գլխապտույտ, երբեմն զառանցանք, գիտակցության կորուստ, ցնցումներ, արյան ճնշման անկում և այլն։ Դժգույն սնկից և որոշ մոլախոտերից թունավորումների ժամանակ նկատվում է լյարդի ախտահարում և դեղնուկ։ Ոչ բակտերիային ծագում ունեցող թունավորումների և տոքսիկոզների ժամանակ, ի տարբերություն տոքսիկո-ինֆեկցիաների, ջերմաստիճանի բարձրացում չի նկատվում։

Թունավորումների ախտորոշում:

Սննդային թունավորումների մի մասը խիստ վտանգավոր է և կարող է ունենալ մահացու ելք, ուստի հիվանդները պարտադիր պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ։

Առաջին օգնությունը թունավորումների ժամանակ:

Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, մաքրող հոգնաներ, լուծողական միջոցներ)։ Բուժումը կախված է թունավորում առաջացնող պատճառից։

Թունավորումների կանխարգելումը:

Հասարակական սննդի ձեռնարկություններում սանիտարականխիստ հսկողություն և բնակչության մեջ այդ ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքների պրոպագանդում։

No comments:

Post a Comment