Sunday, May 28, 2017

Պարույր Սևակ

Պարույր Սևակ

Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։
Հինգ տարեկան էր Պարույրը և արդեն կարդում ու գրում էր, բայց առանց դպրոց գնալու։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին․․․»։
Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույնն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։
Կրթություն
Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1945), Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1955), որտեղ և դասախոսել է (1955–1959)։ Մինչ այդ աշխատել է Երևանում՝ «Ավանգարդ»-ի և «Գրական թերթ»-ի խմբագրություններում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում (1946–1951)։ 1963–1971 թվականներին եղել է ավագ գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966–1971 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։
Գրական գործունեություն
Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թ.-ից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954), «Նորից քեզ հետ» (1957) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական–փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թ.-ին։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերշաբանը, որը խորհրդանշում է հայություն–հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։Առանձնակի նշանակություն ունեն Սևակի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական–հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Եղիշե Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան (Ու․ Ուիտմեն), եվրոպակամ (Պ․ Էլյուար) և ռուսական (Վ․ Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրություն առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու–բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։ «Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական–վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ճատագով։
Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական–բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, որտեղ Սևակը լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և թափանցելով Սայաթ–Նովայի տաղերի էության մեջ` վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Սևակի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Դրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ` Սևակի արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղինացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Սևակի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրջանառության մեջ։
Թարգմանություն
Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում թարգմանական աշխատանքը։ Սևակը․ թարգմանել է Ա․ Միցկևիչի (պոեմներ), Ալեքսանդր Պուշկինի, Խ. Բոտևի, Մ․ Լերմոնտովի («Դևը», պոեմ), Յա․ Կուպալայի, Յա․ Ռայնիսի, Սերգեյ Եսենինի, Վ․ Բրյուսովի, Ի․ Աբաշիձեի, Վ․ Մայակովսկու («Վարտիքավոր ամպ»-ը), Է․ Մեժելայտիսի («Մարդը», 1965, ժողովածու), հունգար («Հունգար բանաստեղծներ», 1968, ժողովածու) և այլ բանաստեղծների գործերից։ Սևակի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաներեն, լիտվերեն, վրացերեն, ադրբեջաներեն (Շներեն), չեխերեն, հունգարարեն և այլն։ Սևակը գրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» (1962, «Հայֆիլմ»), «Սայաթ–Նովա» (1965, «Հայֆիլմ») փաստագրական կինոնկարների սցենարները։ Ընտրվել է ՍՍՀՄ VII գումարման Գերագույն սովետի դեպուտատ։


Մահը
Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքանան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենայի հետ։Մեծն գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածները։ Ըստ վարկածներից մեկի` Սևակը մեքենա վարել չի գիտեցել, բայց այդ օրը նա պետք է գար Երևան, իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել` պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները` մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի արդյունքում մահացել են Սևակն ու նրա կինը։Ըստ մեկ այլ վարկածի` գրողի սպանությունը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով:

Գրքեր
Անմահները հրամայում են, 1948։
Անհաշտ մտերմություն /պոեմ/, 1953։
Սիրո Ճանապարհ, 1957։
Անլռելի զանգակատուն /պոեմ/, 1959։
Մարդը ափի մեջ, 1963։
Սայաթ Նովա /ուսումնասիրություն/, 1969։
Եղիցի լույս, 1969։
Ձեր ծանոթները /փոքրերի համար/, 1971։

Բանաստեղծություններ

Հիմար ժպիտով
Ծածկում եմ վերքըս -
Ներսից սև՜-սև՜ է,
Դրսից է ներկըս...
Ինքս ո՞նց դառնամ
Հեքիաթի տղան
Եվ ինձ ո՞նց ասեմ.
-Արքա՛, դու մե՜րկ ես..


Լավագույն

Լավագույն ժպիտ ասվածը, անշո՛ւշտ,
Փա՛կ աչքերովն է:
Իսկ լավագույնը երազանքների՝
Բա՛ց աչքերովը:
Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:
Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:
Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի ունենում հսկա կայսրություն
Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:
Լավագույն դիմակն այն է, անկասկա՛ծ,
Որ կոչվում է դեմք:
Լավագույն դերը՝
Վա՛տ խաղացվածը:
Լավագույն սերը՝
Կիսա՜տ թողածը:
Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է (երգերո՛ւմ):
Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜)
Մարդն է երևի:
Լավագույն մարդն էլ (ո՛չ մի երևի)
Ներեցեք… ես եմ…

Երբ աչքերն են սառչում

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…
… Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ այ- այ մարդ Է գալու:
Դա եթե սուտ չէ,
Ապա բարություն Է,
Որ ծնվել Է միայն խեղճությունից:
Իմոնք Էլ են սառում
Սակայն դու չես գալու
Դու չես կարող Գիտեմ
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ`
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի :
Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի`
Այդ դեպքում ես
Ինչպես անեմ.
Կո՛ւժ չեմ,
Կուժկոտրուկ եմ.
Չե՛մ կոտրվում, միայն փետրվում եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն Է հոգնել իմ ջանքերից`
Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող Է նո՛ւյնքան ինձ թարգմանել
Որքան թարգմանում Է ինքնաթիռին հավը…
Սուտ կա, որ ճիշտ արժե:
Ու ես հավատամ եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:
Վախ կա, որ մահ արժե
Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:
Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում
Բայց հոգնել եմ արդեն
Եվ Հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչինչ,
Ցավ չեմ զգում անգամ
Այ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…

Thursday, May 4, 2017

Դանիել Վարուժան

Ձոն
(վերլուծություն)

Դանիել Վարուժանը ննստած իր եղեգնյա գրչով գրում էր, ամեն քառատողից հետո ասում էր, թե  եղեգնյա գրչից ինչ է առկայծում: Առաջին տան մեջ փողից լույս է դուրս գալիս, քանի որ նա գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին,  այդ ամենը այնքան թանկ էր  իր համար, որ  հնության մեջ լույսի միջից երևում են:

Երկրորդ տան մեջ գրում է կարոտի, հայ պանդուխտների և հարսների մասին: Ու այս անգամ փողից ողբ է դուրս գալիս, քանի որ հարսերը մնում են մենակ և մեծացնում իրենց երեխաներին:

Երրորդ տան մեջ նշում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց կյանքը տալով ազատում են հազարավոր մարդկանց ու մանուկներին ցավից ու իրենց ազատություն շնորհում նրանց: Մեծ ցավով էր գրում այս ամենը Դանիել Վարուժանը, ինչպես ինքն է ասում երրորդ քառյակի մեջ՝ «Եղեգնյա գրչից սիրտս է ելնում»:

Չորրորդ տան մեջ եղեգնյա գրչով իր տունն է երգում, ծեր հորը, մորը և եղեգնյա գրչից ծուխ է դուրս գալիս, այսինքն տան մեջ կյանք է տեսնում,ուր ապրում է  հայ համերաշխ ընտանիք:

Իսկ ամենավերջին տան մեջ կարծես եղեգնյա գրիչը ուժ է առնում ու մարտիկներին կոչ է  անում  «պայքա՜ր »: Ու այդ ընթացքում եղեգնյա գրչից բոց է դուրս գալիս:
Մենք մինչ օրս էլ պայքարում ենք մեր հայրենիքի համար ինչպես Նժդեհն է ասում եթե ազգը բանակ է դառնում հնարավոր չէ  նրան ծնկի  բերել: