Monday, June 5, 2017

Միսակ Մեծարենց 

Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամուրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ, որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։
1895 թվականին Մեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա(Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում, իսկ 1896 թվականից տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի հաղորդակից, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության նկատմամբ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին, եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։ 1901 թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտով հիվանդանալու պատճառը։ Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ 1901-1902 թվականներին Մեծարենցը աշխատել է եղբոր և հորեղբորորդու առևտրական տանը իբրև հսկիչ։ 1902թվականին նա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով 1905 թվականին կիսատ է թողնում ուսումը։ Այդ ընթացքում նա արդեն աշխատում էր պարբերական մամուլում։ Միսաք Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, նրա շուրթերին մնաց «մա՜յր» բառը։

ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։

Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։

Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։

Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ․․․։

Սիերգ

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
հաշիշով օծուն ու բալասանով.
լուսեղեն ճամփեն ես կ'անցնեմ գինով՝
գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն...

Համբույրներ կուգան հովեն ու ծովեն,
համբույր լույսեն՝ որ չորս դիս կծաղկի,
այս գիշեր Տոն է հոգվույս՝ Կիրակի
համբույրներ կուգան հովեն ու ծովեն:

Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կմաշի՜,
շրթունքս են ծարավ միակ համբույրին...
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի...

ԵՐԱԶԻ ՕՐԵՐ


Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն։

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։

Վահան Տերյան
Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու ՄոսկվայիԼազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի»շարքը։
1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն»հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։
1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենիցռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։
1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակից։
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինիստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին
1908


Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր-
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ-
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ
Այս բանաստեղծությունը իմ կարծիքով Տերյանի առաջին սիրո մասին է։ Ըստ իս Տերյանը պատմում էր իր առաջին խոր զգացմունքի մասին ու բանաստեղծությունում արտահայտում իր ողջ սերն ու զարմանքը։ Ինձ համար այս բանաստեղծությունը ասես լույսի մի նշույլ լինի` խավարի մեջ։ Այն խավարի, որ պատել էր բանաստեղծի հոգին։Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ
Իր այս տողերի մեջ Տերյանը ինձ համար այնքան անկեղծ ու պարզ է թվում և միաժամանակ այնքան խորն ու թախծոտ` չնայած որ պատմում է շատ լուսավոր զգացմունքի մասին։ Իմ կարծիքով Տերյանը փորձել է հավերժացնել իր ունեցած սիրո զգացմունքը և իր առաջին սիրուն։
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր
Ես այս տողերը կարդալով հասկանում եմ` ավելի կոնկրետ հիշում եմ, որ կյանքը հավերժ չէ, իսկ Տերյանը այդ «անհաստատ» օրերում միշտ հիշում էր իր առաջին սիրում։
Սուտ կյանքի և դառը մահու դեմ
Ինձ համար այս տողերը ընթերցելուց հարց առաջացավ` ինչո՞ւ հենց սուտ կյանք ու դառը մահ, չ՞է որ կյանքը ինքնին այնքան գունավոր է, իսկ մահը այն` որը բաժանում է մեզ այս կյանքից։ Երևի Տերյանի համար սուտ կյանք էր ու դառը մահ այն ժամանակ, երբ իր «սերն» իր կողքին չէր։

ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ 
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի:

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն:

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում էայրում.
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:

Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նաիրի.-
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի ...

Մի խառնեք

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:

Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե'ս-
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա'
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ո'չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի'ր իմ, կըվառվես վառման:

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացի'ր, սի'րտ իմ, ե'լ հավատով տոկուն,
Կանգնի'ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն: