Monday, June 5, 2017

Միսակ Մեծարենց 

Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամուրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ, որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։
1895 թվականին Մեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա(Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում, իսկ 1896 թվականից տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի հաղորդակից, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության նկատմամբ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին, եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։ 1901 թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտով հիվանդանալու պատճառը։ Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ 1901-1902 թվականներին Մեծարենցը աշխատել է եղբոր և հորեղբորորդու առևտրական տանը իբրև հսկիչ։ 1902թվականին նա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով 1905 թվականին կիսատ է թողնում ուսումը։ Այդ ընթացքում նա արդեն աշխատում էր պարբերական մամուլում։ Միսաք Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, նրա շուրթերին մնաց «մա՜յր» բառը։

ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։

Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։

Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։

Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ․․․։

Սիերգ

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
հաշիշով օծուն ու բալասանով.
լուսեղեն ճամփեն ես կ'անցնեմ գինով՝
գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն...

Համբույրներ կուգան հովեն ու ծովեն,
համբույր լույսեն՝ որ չորս դիս կծաղկի,
այս գիշեր Տոն է հոգվույս՝ Կիրակի
համբույրներ կուգան հովեն ու ծովեն:

Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կմաշի՜,
շրթունքս են ծարավ միակ համբույրին...
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի...

ԵՐԱԶԻ ՕՐԵՐ


Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն։

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։

No comments:

Post a Comment