Thursday, October 13, 2016

Պատմություն

Ռուբէն Սևակ

Ռուբէն Սեւակ (Չիլինկիրեան Ռուբէն, փետրվարի 15, 1885, Սիլիվրի[1] - օգոստոսի 26, 1915, Չանկիրի), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։
Մի օր Լոզանի օրիորդաց վարժարանի մոտով անցնելիս պատահաբար տեսել է այդ վարժարանի սան, պրուսական զինվորական ազդեցիկ ընտանիքից սերած գերմանուհի Հելեն ֆոն Պրաամին (Յաննի Ապել) ու նրա գեղեցկությամբ հրապուրվել։ Յաննիի հետ Ռուբենին ծանոթացրել է վերջինիս ընկերը՝ եգիպտահայ Լևոն Ազնավուրյանը։ 1910 թ. Փարիզում / Լոզանում ամուսնացել է Յաննիի հետ։ 1911-1914 թթ. Լոզանի մի հիվանդանոցում և մի դարմանատանը օգնական բժիշկ է աշխատել ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել։ 1912 թ. Լոզանում ծնվել է որդին՝ Լևոնը, իսկ 1914 թ. Կ. Պոլսում՝ դուստրը՝ Շամիրամը։ Ուսանողության շրջանից սկսած հետաքրքրվել է Հայրենիքի ազատության պայքարի գաղափարով։ Եղել է ՀՅԴ անդամ։
1908-1914 թթ. եղել են նրա ստեղծագործական բեղուն տարիները։ Նրա բանաստեղծությունները և մյուս գրությունները լույս են տեսել Կ. Պոլսի «Սուր­հան­դակ», «Ազ­դակ», «Շանթ», «Հայ գրա­կա­նու­թիւն», «Ազա­տա­մարտ», Վենետիկի Մխիթարյանների«Գեղունի», «Բազ­մա­վէպ», ինչպես նաև այլ պարբերականներում։
1915 թ. դասախոսություններով հանդես է եկել Կ. Պոլսում՝ հայ բժիշկների կազմակերպած հիվանդապահության դասընթացում։ Երազել է Կ. Պոլսում բժշկական գիտահանրամատչելի պարբերական հիմնել։
Բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, հանրամատչելի զրույցների, քնարական խորհրդածությունների, բանաստեղծությունների և այլն հեղինակ է։

Ռուբեն Սևակը և Հայոց Ցեղասպանությունը:
Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում, ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։
1909 թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սևակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, որը երիտթուրքական հեղափոխությունից «գինովցածներին» Արշակ Չոպանյանի, Անդրանիկ Օզանյանի, Փարամազի և մյուսների նման զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։
Եվ այդ զգուշացումը Ռուբեն Սևակը ոչ միայն արտահայտում էր իր բանաստեղծությունների մեջ, ինչպես օրինակ «Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը» ստեղծագործություններում, այլև նամակներում ու հրապարակախոսական ելույթներում։
Մեջբերում 1908 թ. օգոստոսի 8-ին Ռուբեն Սևակի հրապարակային ելույթից.
Ամբողջ Եվրոպայի մէջ աշխարհի էն շքեղ կեդրոններէն մինչև ամենամութ ու խավարին անկիունները ես չեմ տեսեր ու չեմ ալ կրնար հավատալ, որ գտնուի տակաւին ՄԷԿ ՈՒՐԻՇ ԱԶԳ, որ ամէն օր ու ամէն վայրկեան ապրէր դերասանի ճշմարտապէս կեղծ ու գերեզմանօրէն ծիծաղելի այն կեանքը, որ դարերէ ի վեր մեր կեանքը եղաւ մեր ստրկացած թրքահայերուս կեանքը… Տառապիլ ու ստիպուած ըլլալ ամենաերջանիկ կերպարանք մը ցոյց տալու… անպատուուիլ, բռնաբարուիլ, գետնաքարշ տապալիլ ու ստիպուած ըլլալ գոհութեան ջերմագին աղաղակներ բարձրացնելու… ժպտիլ այնպիսի մէկ վայրկեանիդ, որ արիւն արցունք պիտի պոռտկար աչերէդ, մաղթանքի ճիչեր հանել կոկորդէդ այն բռնակալ ձեռքին համար, որ զքեզ կը խեղդէ, մեռնիլ ու հոգեպէս մեռնիլ ու ապրիլ ձևացնել, ահա դերասանական ահռելիօրէն կեղծ կեանքը, որ մերը եղաւ այնքան երկար տարիներ։ Արդ ինչպէ՞ս կ'ուզեք որ այսպիսի պայմաններու մէջ ժառանգօրէն ու բնածինօրէն մեր ամենաանկեղծ յատկութիւնը մեր կեղծելը չ՛ըլլար ու մեր բնական յարմարութիւնը՝ դերասանութիւնը:
Այնուհետև Ռուբեն Սևակը զգուշացնում էր. «Ներսի գաւառներու մէջ կոտորածի վախ կայ, կը լսէ՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ» ու պահանջում էր «մարդկօրէն կատղիլ», այսինքն զինված ազատագրական պայքար մղել։
1915 թ., երբ արդեն սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել Մաքրիգյուղի (Մագրիքեոյ) զորամասում։

Մահը
Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։

1915 թ. ապրիլի 11 (24)-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։

Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Չանղըրըում բուժել է թուրք ավազակապետ (չեթեջի) Արաբաջի Իսմայի աղջկան։ Իսմայիլը նրան հորդորել էր իր աղջկա հետ ամուսնանալ ու իսլամություն ընդունելով փրկվել սպառնացող վտանգից, սակայն բժիշկը հրաժարվել է այդ խորհրդին հետևելուց։ Չանղըրըի չերքեզ փոխ կառավարիչը, որ նրա բարեկամն էր, անզոր պատասխանել է, «Ես չեմ կրնար Պոլ­սէն եկած հրա­ման մը չգոր­ծադ­րել»։ Ռուբենին ազատելու համար Գերմանիայի արտգործ նախարարությանը, Կ. Պոլսի և Սոֆիայի նրա դեսպաններին, Լոզանի հյուպատոսին, Կ. Պոլսում դեսպան Հանսֆոն Վանգենհայմին բազմաթիվ դիմումներ են ուղարկել նրա աները՝ գերմանական բանակի պահեստի սպա Ֆրանց Ապելն ու կինը՝ Հելեն Ապել-Չիլինկիրյանը։ Բոլորն էլ՝ ապարդյուն։
Գործեր
Բաժանման խօսքեր, «Մա­սիս» հանդէս, Կ. Պոլիս, 1905, թ. 24;
Կար­միր գիրք (Կի­լի­կե­ան եր­գեր), Բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծու նվիր­ված 1909թ. Կի­լի­կի­ա­յի հա­յոց կո­տո­րած­նե­րին, 1910։
Բժիշ­կին գիր­քէն փրցո­ւած էջեր եւ քեր­թո­ւած­ներ, Փա­րիզ, 1946։
Երկեր, Երևան, 1955, 1981, Ս. Էջմիածին, 1997։

Ստեղծագործական աշխատանք
Սևակի առաջին բանաստեղծությունը «Բաժանման խոսքեր» տպագրվել է 1905–ին, «Մասիս» հանդեսում։ 1910–ին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողվածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ. Սևակի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում։
1915 թ. օգոստոսի 12 (25)-ին հեռագրել է կնոջը, թե Դանիել Վարուժանի հետ գտնվում է Այաշի բանտում։ 1915 թ. օգոստ ոս ի 13 (25/26)-ին, դեպի Այաշ աքսորի ճանապարհին՝ Չանղըրը և Կալեջիկ (Գալայճըք) գյուղերի միջև, Չանղըրըից կառքով 6 ժամ հեռու գտնվող Թյունե (Թյունայ, Թյունեյ) կոչված վայրում, իր 4 բախտակից ընկերների հետ (այդ թվում՝ Դանիել Վարուժանը), թուրք չեթեների կողմից սպանվել է քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով՝ 30 տարեկանում։ Ըստ Գոնիայի պատերազմական ատյանում կառապան Հասանի տված վկայության՝ բժիշկը եղել է վերջին սպանվողը։
1915 թ. հոկտեմբերին կինը երեխաների հետ տեղափոխվել է Լոզան՝ հոր մոտ։ 1920 թ. ընտանիքով տեղափոխվել են Փարիզ։
1911-1914–ին հիվանդանոցում աշխատելիս բանաստեղծն ականատես է եղել մարդկային բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետևում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «Բժշկին գիրքեն վրցված էջեր» գրքի պատմվածքների հիմքում. դրանք բժշկի օրագրություններ են, որտեղ հեղինակը կենդանի ու բնական գույներով ներկայացրել է ստացական ախտերի ամբողջ սարսափը՝ ատելություն ու նողկանք առաջացնելով դրանց նկատմամբ «Ապրիլը հաղթել է», «Կռունկը», «Ահավոր տարակույսը»։

No comments:

Post a Comment